17/11/2014 13:02
Սահմանամերձ գոտու բնակիչները կստանան նաև անվճար բժշկական օգնություն
Այսօր ԱԺ-ում արտահերթ նիստը մեկնարկեց սահմանամերձ գյուղերին սոցիալական արտոնություններ տալու նախագծի քննարկմամբ:
Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը նշեց, որ մասնակի փոխհատուցումներ կհատկացվեն պետբյուջեի միջոցներից:
Արտոնություններ կտրվեն բնական գազի, էլեկտրաէներգիայի սպառման, ինչպես նաև ոռոգման ջրի սպառման ծախսերի հետ կապված:
«Օժանդակություն և փոխհատուցում կսահմանվի ինչպես գազի, էլեկտրաէներգիա ու ոռոգման ջրի հետ կապված, այնպես էլ հողի հարկի ու գույքահարկ»,- մանրամասնեց Վ. Տերտերյանը՝ հավելելով, որ այդ արտոնություններից կօգտվեն սահմանամերձ համարվող բոլոր գոտիներում բնակվող բնակիչները:
Նրա խոսքով` հարկի հետ կապված օժանդակությունը վերաբերում է ինչպես այդ համայնքների վարչական տարածքում գնդակոծության թրիախում գտնվող հողատարածքների, տնամերձ այգեգործական հողի հարկին, այնպես էլ այդ հողի գույքահարկի տարեկան գումարին:
Վ. Տերտերյանը հավելեց նաև, որ այսպիսի արտոնություններ Կառավարությունն արդեն կիրառել է և միտված է այն շարունակել:
Ինչ վերաբերում է սոցիալական արտոնություններին, ապա դրանցից առաջինը վերաբերում է այդ համայնքների բնակիչների բնակարաններին: «Բնակիչները մեկ ամսում նույն համայնքում կապհովվեն օթևանով»,- ասաց Վ. Տերտերյանը:
Սոցիալական արտոնություններով տեղի բնակչությունը կապահովվի նաև բժշկական ծառայություններով:
«Նրանց բժշկական օգնության սպասարկումը կլինի ևս պետպատվերի շրջանակներում: Սա վերաբերում է ոչ միայն սահմանամերձ համայքների բնակիչներին, այլև՝ ՀՀ մյուս բոլոր քաղաքացիներին»,- շեշտեց Տերտերյանը` հավելելով նաև, որ պետբյուջեից միանվագ միջոցներ կտվի նաև այդ համայնքներում բնակվող բնակիչների հուղարկավորությունը կազմակերպելու, գերեզմանոցների ծախսերը հոգալու համար:
Վ. Տերտերյանը շեշտեց նաև, որ գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սպառման ծախսերի փոխհատուցման կարգը հաշվառվել է ամսական միջին ծախսի հաշվարկով: Եվ դրանից կօգտվեն բոլոր սահմանամերձ համայնքների բնակիչները: