18/11/2014 18:28
Ռ. Հակոբյան. Իշխանություններին հարկավոր չէ ընդդիմության հետ երկխոսություն
«Ընդիիմության հետ իշխանություններին հարկավոր չէ երկխոսություն: Պատճառը շատ պարզ է. նրանք չեն ուզում հրաժարվել 33 % մանդատներից, որն իշխանությունները ստանում են գրեթե ամբողջությամբ»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա կարծիքով` իշխանությունները ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, երկխոսության մտադրություն չունեն:
Ինչ վերբերում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ կայացած հանդիպման արդյունքներին, Ռ. Հակոբյանն ասաց, որ հերթական անգամ ականատես են եղել, որ այս իշխանությունները քաղաքական կամքից զուրկ են և ցանկություն չունեն երկիրը հանել այս վիճակից:
«Եթե իշխանություններն իսկապես գտնում են, որ ընդդիմության հետ պետք է հարաբերությունները փոխել, այդ դեպքում 12 կետերի մեջ մենք առաջարկել ենք 10-րդ կետը»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ այդ կետը վերաբերում է արտահերթ ընտրություններին:
«Այդ առաջարկությունը մենք միանգամից կկարողնանք կյանքի կոչել` հաշվի առնելով այն, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը գտնվում է Խորհրդարանում, մենք դա կարող ենք կազմակերպել առանց ժամանակ կորցնելու»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Իշխանության համար` հրաժարվել իշխանությունից, նրա խոսքով, նշանակում է կասկածի տակ դնել իրենց հնարավորությունները: