18/11/2014 15:44
Ուրիխանյանը՝ վարչապետին. Խնդիրները լուծել է պետք, ոչ թե քննարկել
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը եղել է ընդամենը րոպեներ առաջ և ես ընդամենը կարող եմ հայտնել իմ անձնական տեսակետը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառանալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Եռյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն, դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Հ. Աբրահամյանն առաջարկել է նաև յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով:
Տ. Ուրիխանյանի խոսքով` 12 կետերը ոչ թե ընդդիմությունն է ներկայացրել, այլ դրանք ժողովրդի պահանջն են:
«Դրանք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու խնդիր է, որոնք պետք է լուծվեն»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ դրանց շուրջ ոչ թե բանակցություններ պետք է ընթանան, այլ՝ դրանք պետք է լուծվեն:
«Պետք է վերացնել աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը և այլն: Այդ խնդիրները ոչ թե 12 են,այլ ավելի շատ են: Դրանք կարող են լինել 15, 150 կամ 250: Պետք է մենք հնարավորություններ ստեղծենք հայաստանցիների համար, որպեսզի նրանք չթողնեն ու երկրից հեռանան: Այդ խնդիրները լուծել է պետք, ոչ թե քննարկել»,- ասաց պատգամավորը: