19/11/2014 10:25
Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2014թ. բյուջետային գործընթացի և 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համապատասխան զեկույցով հանդես է եկել Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարներ:
Արցախի նախագահ Սահակյանն իր ելույթում նշել է, որ Արցախի պետական բյուջեն եղել է, կա և կմնա սոցիալական ուղղվածությամբ, ինչը և պարտավորեցնում է վարել համապատասխան քաղաքականություն:
Բ. Սահակյանն ընդգծել է, որ պետական կառավարման մարմիններից ակնկալում է բյուջետային պլանավորման ոլորտում աշխատանքների նոր որակ` առաջին հերթին ծախսերի արդյունավետության գնահատման, ծախսային կառուցվածքի վերանայման և հասարակության համար էական արդյունք ապահովող ծրագրերի նախատեսման տեսքով՝ հավելելով, որ պատասխանատու կառույցների ղեկավարները պետք է հրաժարվեն նեղ ոլորտային և ժամանակավոր լուծումներից՝ ի օգուտ առանցքային խնդիրների լուծման:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: