19/11/2014 13:54
«Դեմ եմ»-ի անդամ. Ոստիկանները սկսել են նմանվել թաղային հեղինակության
Ոստիկանության սովորությունն է միջադեպեր ու բախումներ ստեղծելը: Այս մասին այսօր «Մեդիա» կենտրոնում ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է, որ ոստիկանները իրենց գործողություններով սկսել են նմանվել թաղային հեղինակությունների:
«Եթե հավաքի մասնակիցների թիվը մեծ է, ոստիկանները իրենց լկտի չեն դրսևորում, իսկ երբ մասնակիցները փոքրաթիվ են, քաղաքացու հետ խոսում են իրենց ուզածի նման: Պարոն Գասպարյանը հաճախ է հայտարարում, որ ոստիկանը փոխվել է, պարոն Գասպարյա'ն, վերադարձեք իրականություն»,-ասաց նա:
Անդրադառնալով նոյեմբերի 12-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց ակցիային՝ նա ասաց, որ ոստիկանները մի շարք անօրինական գործողություններ են կատարել:
«Կարեն Մովսիսյանի հիմնավորումը, որ ոստիկանությունը պահպանում է նախարարության բնականոն աշխատանքը, անհիմն է, քանի որ հավաքների ազատության մասին օրենքում նման կետ չկա: Այն հիմնավորումը, որ խանգարելու ենք քաղաքացիների ազատ ելումուտը, ևս անհիմն է, քանի որ մեր ազատ տեղաշարժը խոչընդոտում են և ասում, որ եթե համաձայն չենք, կարող ենք դա բողոքարկել դատարանում»,-ասաց նա: