19/11/2014 11:31
«Ադրբեջանի հայտարարությունը բարբարոսության, ցինիզմի փայլուն նմուշ է»
Ադրբեջանի հայտարարությունը խոսում է ոչ միայն ագրեսիվ հարևանի պահվածքի մասին, այլև փաստում է այդ երկրի բարբարոսության, ցինիզմի փայլուն դիրքորոշումը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը, ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրուդին Սադըգովը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հարկ համարի, ապա թույլ կտա վերցնել խոցված ուղղաթիռի օդաչուների դիերը:
Շարմազանովն ընդգծեց, որ դա բարբարոսության դասական օրինակ է, որը Ադրբեջանը չի էլ թաքցնում: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի: «Պետք է Ադրբեջանին պրեսինգի ենթարկել: Ադրբեջանն իրեն մտցրել է դիոգենեսյան տակառի մեջ և չի ուզում հասկանալ, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, և դասական ֆեոդալական երկրի նման է իրեն պահում: Այս առումով համապատասխան կառույցները պետք է հետևություններ անեն: Սա նաև հետևանքն է այն բանի, որ միջազգային տարբեր կառույցներ՝ երկակի ստանդարտներից ելնելով, ոչինչ չեն ասում, իսկ Ադրբեջանին թվում է, թե իրեն ամեն ինչ կարելի է»,- ասաց նա` հավելելով նաև, որ նման կերպ իրենց պահում են միայն բռնապետերն ու բարբարոսները:
Շարմազանովը պնդեց, որ այդ հարցը պետք է հստակ դիվանագիտական ճանապարհով լուծվի: «Մենք պետք է դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը տեղ հասցնենք ու ձայնը լսելի դարձնենք: Պետք է նաև ուժեղացնենք մեր անվտանգությունը, պետականության պաշտպանությունը: Ի դեմս Թուրքիայի ու Ադրբեջանի` մենք ունենք հարևան պետություններ, որոնք 21-րդ դարում ապրում են ոչ թե մարդկային, այլ ցինիկության ու բարբարոսության արժեքներով»,- ասաց Շարմազանովը:
Ինչ վերաբերում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Ղարաբաղի հարցի չլուծվելու պատճառը Ռուսաստանի ու Արևմուտքի դիմակայություններն են, Շարմազանովը նկատեց, որ նույն Թուրքիան շատ լավ գիտի, որ գոնե Ղարաբաղի հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումները հստակ համընկնում են: «Ի գիտություն Չավուշօղլուի` ասեմ, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դիրքորոշումը այդ հարցի հետ կապված նույնն է: Այդ եռյակը բազմաթիվ հայտարարություններով է հանդես եկել, որտեղ հստակ նշվում է, թե ինչպիսին պետք է լինի բանակցային ֆորմատը, ինչպես պետք է լուծվի այդ հարցը: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այլընտրանք չունի նաև ՄԽ ձևաչափը»,- ասաց Շարմազանովը` Թուրքիային հորդորելով «մութ սենյակում կատու չփնտրել»:
«Այդ կատուն էլ իր դաշնակից Ադրբեջանն է, որը բանակցային գործընթացի միակ խոչընդոտն է, և որը Թուրքիայի հովանավորության ներքո, մեղմ ասած, ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- ամփոփեց իր միտքը Շարմազանովը: