20/11/2014 15:45
Օհանյան. ԵԱՀԿ-ի հայտարարությունը մեր կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Կարծում եմ, որ մեր կատարած դիվանագիտական աշխատանքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների, Անջեյ Կասպշիկի, Կարմիր Խաչի հետ հանդիպումները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություն արեցին և հորդորեցին Ադրբեջանին, որ թույլ տա, իսկ Հայաստանին՝ աջակցի, որ կարողանան դեպքի վայր մեկնել, ականազերծման աշխատանքներ կատարել և գտնել օդաչուներին»,- ասաց նախարարը:
Նշենք, որ այսօր Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել նոր հայտարարությամբ, որով կոչ են արել կողմերին հնարավոր դարձնել ՀՀ ԶՈւ խոցված ՄԻ-24 ուղղաթիռին մոտենալը: «Մենք կոչ ենք անում կողմերին դեպքի վայրում դադարեցնել կրակը և ապահովել հարակից տարածքի ականազերծումը»,- ասված է համանախագահների հայտարարության մեջ:
Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջարկում է դիակները փոխանակել գերիների հետ, Ս. Օհանյանն ասաց, որ այդ ադրբեջանցի դիվերսանտները հանցագործություն են արել, ինչի համար պետք է պատասխան տան։
Նախորդող հրապարակում՝ ԵԱՀԿ-ն հորդորում է Ադրբեջանին «թույլատրել ուղղաթիռի զոհերի դուրսբերումը»