21/11/2014 09:23
ԿԲ-ն ադմինիստրատիվ ճնշումներ է գործադրում հայաստանյան բանկերի վրա
Հայաստանյան բանկերից ահազանգեր են ստացվում, որ Կենտրոնական բանկը ոչ պաշտոնական ադմինիստրատիվ ճնշումների է անցել դրամի փոխարժեքի անկումը կանխելու նպատակով: Նման մեթոդների Կենտրոնական բանկը դիմում է խիստ հազվադեպ: Այս մասին գրել է «Հայկական Ժամանակը»:
«ԿԲ-ի «խնդրանքով» բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները, որպեսզի նվազի նաև արտարժույթի նկատմամբ նրանց բնականոն պահանջարկը: Հակառակ դեպքում այդ պահանջարկը պետք է բավարարեր ԿԲ-ն իր ինտերվենցիաների միջոցով: ԿԲ-ն արտարժույթ է վաճառում միայն այն բանկերին, որոնք ունեն արտարժույթով որևէ պարտավորություն կատարելու վերջնաժամկետ: Երեկ ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ընդամենը 1.5 միլիոն դոլար, իսկ մեկ դոլարի գինը կազմել է 418 դրամ նախորդ գործարքներում մեկ դոլարի գինը 415.8 դրամ էր:
Այս ամենի արդյունքում շուկայում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ: Բանկերը միահամուռ սահմանել են դոլարի վաճառքի բարձր գին 420 դրամ, իսկ առքը 416 դրամ է: Այսինքն՝ տարբերությունը 4 դրամ է: Առքի և վաճառքի նման տարբերություն Հայաստանում չի եղել մի քանի տարի»,- գրել է թերթը: