24/11/2014 11:35
Դեսպան. Հայաստանի ինքնիշխանության մի մասնիկի փոխանցումը ԵՏՄ-ին տեղի կունենա մի քանի տարի անց
«Լեհաստանը աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և մենք աջակցում ենք Հայաստանի դիրքորոշումներին: Այս կամ այն ինտեգրացիոն միության անդամակցելն ինքիշխանության որոշակի հատվածի կորցնել է նշանակում` այդպես է կառուցված աշխարհը: Լեհաստանը անդամակցելով ԵՄ-ին՝ որոշակի գործառույթներ փոխանցել է նրանց»,-ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի առիթով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Նա նշեց, որ ԵՏՄ-ի նախաձեռնողները պնդում են, որ այդ կառույցը գործելու է ԵՄ-ի նման և նրանք ընդունելու են նույն եվրոպական սկզբունքները:
«ԵՄ-ը գոյություն ունի մի քանի տասնամյակ, և կարծում եմ՝ Հայաստանի ինքնիշխանության մի մասնիկի փոխանցումը ԵՏՄ-ին տեղի կունենա մի քանի տարի անց»,-ասաց Զ. Ռաչինսկին:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի որոշումն է և Հայաստանը պետք է հաշվարկի այդ ինտեգրացիոն ծրագիրը իրեն ձեռնտու է, թե` ոչ:
Դեսպանը, անդրադառնալով հայ-լեհական հարաբերությունների ապագային, ասաց, որ Լեհաստանը կողմ է վիզային ռեժիմի լիբերալիզացմանը և դա էլ կազմել է Արևելյան գործընկերության մի մաս:
«Մենք ներմուծել ենք վիզային ռեժիմի դյուրացման գործընթաց և որոշակի խմբեր հեշտությամբ կարող են ստանալ վիզաներ»,-նշեց դեսպանը:
Նրա խոսքով՝ հայ-լեհական հարաբերությունները այնքանով են կարևոր, որ դրանք հնարավորություններ են տալիս մոտեցնել երկու ժողովուրդներին միմյանց:
«Պետք է պահպանել քաղաքական մակարդակի բարձր երկխոսությունը Հայաստանի և Լեհաստանի միջև ու ակտիվացնել տնտեսական փոխհարաբերությունները»,- եզրափակեց խոսքը դեսպանը: