24/11/2014 12:56
Շ. Քոչարյան. Այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչև ԵՏՄ պայմանագրի ստորագրումը, չեն վտանգվի
«Ամբողջ բանակցային գործընթացի ժամանակ մենք բարձրաձայնում էինք, որպեսզի մեր և Վրաստանի միջև առկա ազատ առևտրի ռեժիմը հանկարծ հարցականի տակ չդրվի, ինչպես նաև հարցականի տակ չդրվեն մեր արտոնյալ առևտրային հարաբերությունները Իրանի հետ, և դա մեզ հաջողվեց»,-ԱԺ-ում ընթացող «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
ԵՏՄ-ին միանալու պայմանագրում, նրա խոսքով, ամրագրվել է, որ այն պայմանագրերը, որոնք Հայաստանը ստորագրել է մինչև ԵՏՄ պայմանագրի ստորագրումը, չեն վտանգվի:
Շ. Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին միայն այն ժամանակ, երբ չորս երկրների խորհրդարանները` Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի ու Հայաստանի կվավերացնեն պայմանագիրը:
«Չորս երկրները հենց վավերացնեն` մենք էլ կդառնանք միության անդամ, բայց ոչ շուտ, քան 2015-ի հունվարի մեկը, քանի որ հենց այդ ժամանակից է գործելու ԵՏՄ-ն»,- ընդգծեց Շ. Քոչարյանը: