26/11/2014 11:25
Լ. Ալավերդյան. Բաքուն ունակ է միայն խուժանական քայլերի և պատերազմ չի սկսի
«Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսելու և Ադրբեջանը այս պահին հանդիսանում է Բրիթիշ Փեթրոլիումի գաղութը: Մեծ Բրիտանիան այդ երկրում ունի իր հստակ շահեր»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հնարավորությանը, ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Մեծ Բրիտանիան, Լ. Ալավերդյանի խոսքով, թույլ չի տա, որ իր գոնե մեկ նավթային խողովակը վնասվի, և Բաքվին միայն մնում է դիմել խուժանական քայլերի` կացնով սպանել քնած սպային կամ խոցել անզեն ուղղաթիռը:
«Ադրբեջանը չի կարողանում գործել այնպես, որպեսզի չխախտի Ժնևյան կոնվենցիաները»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Հայաստանի և ԼՂՀ-ի համար, շարունակեց խոսքը նա, մեկ մարդու կորուստը շատ ծանր է և բանակը պետք է հասնի նրան, որպեսզի զինվորները այլևս երբեք ոչ մի ծուղակի մեջ չընկնեն:
«Իլհամ Ալիևը իրեն դրել է այնպիսի դրության մեջ, որ խաղաղության կոչ և հետքայլ չի կարող անել: Իլհամ Ալիևը մերժում է այն բոլոր խոստումները, որ նա տվել է իր հորը` Հեյդար Ալիևին, ով ավելի ճկուն էր և ում օրոք հայկական և ադրբեջանական հասարակությունների շփումները բավականին ակտիվ էին: Ադրբեջանի միակ նպատակն է ահաբեկել հայկական հասարակությանը»,- եզրափակեց խոսքը նա: