26/11/2014 13:28
Ուորլիք. Կոչ ենք անում կենտրոնանալ խնդրի վերջնական կարգավորման վրա
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ ինքը կարդացել է հատուկ գործողության մասին՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծում խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունները դուրս բերելու վերաբերյալ:
APA գործակալության փոխանցմամբ, Ուորլիքը նշել է, որ նոյեմբերի 12-ի միջադեպը՝ ողբերգություն է և պետք է խուսափել այդպիսի միջադեպերի կրկնությունից ապագայում:
Նա կոչ է արել կողմերին զուսպ լինել և կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման վրա:
Ուորլիքը նշել է, որ լարվածության աճը և հակամարտության սրումը կհարվածեն խաղաղ բանակցություններին և կբարդացնի հակամարտության հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծումը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի «Մի-24» հարվածային ուղղաթիռը։
Ադրբեջանը երկար ժամանակ կրակի տակ էր պահում ուղղաթիռի կարծանման վայրը և թույլ չէր տալիս դուրս բերել հայ օդաչուների մարմինները: Սակայն ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում դուրս են բերվել օդաչուների աճյունները և խոցված ուղղաթիռի որոշակի մասեր:
Նախօրեին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ հայ օդաչուների հուղարկավորության արարողությունը՝ զինվորական արարողակարգով: