27/11/2014 13:26
Նիկոլն ինձ ըտենց հարցով չի էլ մոտենա. ԲՀԿ-ական պատգամավոր
Թիվ 25 ընտրատարածքից ընտրված ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք կդնի՞ իր ստորագրությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ստորագրահավաքի տակ, նախ ասաց, որ տեղյակ չէ ինչի մասին է խոսքը. «Տեղյակ չեմ… ի՞նչ ստորագրահավաք ա որ»:
Երբ տեղեկացրեցինք ԱԺ պատգամավորին, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, նա արձագանքեց. «Ես ասում եմ` տեղյակ չեմ, Նիկոլը ինձ ըտենց հարցով ո՛չ կմոտիկանա, ո՛չ էն, ո՛չ էլ էն»:
Ճշտող հարցին` այսինքն, այդուհանդերձ, եթե Ն.Փաշինյանը իրեն մոտենա, նա կմերժի՞, ԲՀԿ-ական պատգամավորը չկողմնորոշվեց.
«Չէ… խի՞: Ասում եմ` չի մոտիկանա էլի.. համ էլ ես հիմա 37-38 աստիճան ջերմությունով պառկած եմ, էլի, թողեք պառկեմ»:
Նշենք, որ ԲՀԿ-ականները խուսափում են պատասխանել, թե ինչպես կվարվեն, եթե Ն.Փաշինյանն իրենց դիմի իր` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախաձեռնության արտահերթ կարգով քննարկելու համար անհրաժեշտ ստորագրահավաքին միանալու հարցով: ԲՀԿ-ական պատգամավորներից միայն Միքայել Մելքումյանն էր հայտարարել, որ այս հարցը պետք է քննարկվի Եռյակի նիստում, իսկ թե նիստը ե՞րբ կկայանա` հայտնի չի: