28/11/2014 10:08
Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը վկայում է նրանց փաստարկների իսպառ բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթի վերաբերյալ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը վկայում է նրանց մոտ փաստարկների իսպառ բացակայության մասին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը նախարար Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ելույթին խոսում է փաստարկների իսպառ բացակայության մասին»,- գրել է Բալայանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով է հանդես եկել Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը, որը խլեց երեք երիտասարդ զինծառայողի կյանք, Բաքվի վերջին հանցավոր սադրանքներից է: Ադրբեջանական զինուժը գրեթե տասն օր շարունակ ուղղաթիռի խոցման վայրը պահեց ինտենսիվ կրակի տակ` խոչընդոտելով փրկարար խմբերին, ԵԱՀԿ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ զոհված օդաչուների մարմինները տարհանելու գործում։
Նա նշել է, որ առերեսվելով Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի հերթական կոպտագույն խախտմանը` Ղարաբաղի Պաշտպանության բանակը ստիպված եղավ դիմելու հատուկ գործողության՝ տարհանելու խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին և մյուս երկու օդաչուների մասունքները։
«Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը, որը մեկ անգամ ևս ակնհայտ դարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ուղղաթիռի խոցման վերաբերյալ հրապարակած հայտարարությանը իր արձագանքից: Ադրբեջանը ակնհայտորեն կորցնում է իրականության զգացումը` օրեցօր խորացնելով անդունդը իր և քաղաքակիրթ աշխարհի միջև:
Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:
Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի` արցախյան հիմնախնդրի կարգավորման համար»,- ասել է նախարարը: