08/12/2014 14:00
Կ. Մանոյան. 100-ամյա տարելիցին ընդառաջ մենք պետք է սահմանենք, թե ինչ ենք պահանջում Թուրքիայից
Ազգային Ժողովում ընթացող «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը բարձրացրեց փոխհատուցման խնդիրը ` շեշտելով, որ հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ անհրաժեշտ է, որ մենք` հայերս, սահմանենք, թե ինչ ենք պահանջում Թուրքիայից:
Մատնանշելով Հայոց Ցեղասպանության հատուցումների ուսումնասիրման խմբի վերջերս հրապարակած զեկույցին՝ Կ. Մանոյանը ներկայացրեց կոնկրետ հատուցումների փաթեթը:
«Թուրքիայի կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի ու ներողություն խնդրի հայոց ցեղասպանության համար: Պետք է հստակ նշվի, թե ով, ինչ հանցագործություն է արել: Թուրքիան պետք է երկրում և երկրից դուրս բոլոր մակարդակներում իրականացնի լայնածավալ միջոցառումներ, իսկ ցեղասպանության թեման դառնա քննարկումերի բաղադրիչ»,- թվարկեց նա:
Բացի այս, թուրքական պետությունը պետք է քաղաքական և այլ աջակցություն ցուցաբերի հայկական պետությանը, ընդ որում` բացի ֆինանսական հատուցումից ու հայ-թուրքական սահմանը փակ պահելուց, Թուրքիան պետք է այլ դրական քայլեր ևս կատարի: Պետք է տեղի ունենա նաև գույքի վերադարձ և մահվան դիմաց փոխհատուցում:
«Միաժամանակ հայերս պետք է ջանքեր գործադրենք այլ ազգերի նկատմամբ ցեղասպանությունների ճանաչման և դատաարտման, ինչպես նաև դրանց կանխարգելման համար»,- հավելեց իր խոսքը Կ. Մանոյանը: