12/12/2014 18:34
Առողջապահության փոխնախարար. Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայ ընտանիքը բուժզննություն է անցնում
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում շարունակվում է ժամեր առաջ Ադրբեջանից Հայաստան վերադարձած հայկական 5 հոգանոց ընտանիքի բուժզննությունը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը ասաց, որ ԲԿ-ում կկազմակերպվի ողջ ընտանիքի բուժզննությունը, կանցկացվեն լաբորատոր փորձաքննություններ և որոշակի գնահատական տալուց հետո կկազմակերպվի նրանց անվճար բժշկական օգնությունը:
«Դրա համար մի քանի օր կպահանջվի, արդեն իսկ նրանցից անալիզներ են վերցվել, բժիշկները իրենց լսել են, հարցրել, թե ինչ գանգատներ ունեն, դրանք բազմաբնույթ են, ամուսինը ունի որոշակի սրտի խնդիրներ, թուլություն»,- ասաց Վ. Պողոսյանը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ պետք է նրանց վիճակը մանրամասն ուսումնասիրել:
Վ. Պողոսյանը դժվարացավ դեռևս նշել՝ արդյոք ընտանիքի անդամների վրա հայտնաբերվե՞լ են բռնության հետքեր: