13/12/2014 13:43
Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն
Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները:
Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:
Հիշեցնենք, որ Լ. Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքել և ո՛չ էլ հաստատել է, որ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին իր հրահանգով են ծեծել` Սերժ Սարգսյանին հայհոյելու համար: «Ես կաշկանդվելու բան չունեմ, այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»,- ասել էր նա: