13/12/2014 13:20
Մահչուպյան. Առանց ղարաբաղյան հարցի կարգավորման՝ Թուրքիան չի բացի սահմանը
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուպյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կարող է բացվել միայն փաթեթային կարգավորման դեպքում:
Argumenti.ru-ի փոխանցմամբ՝ դա վերաբերում է ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այնպես էլ հայ-ադրբեջանական:
Նրա խոսքով` 2015 թ.-ի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական օր է, որի մոտեցումը հայ հասարակության շրջանում մեծացնում է ծայրահեղականության աստիճանը:
Մահչուպյանը նշել է, որ հայ հասարակությունը այդ օրվանն է մոտենում անզիջող դիրքերից: Նա հայտարարել է, որ չի հավատում, թե Թուրքիան ինչ-որ քայլեր կձեռնարկի, որոնք կբավարարեն հայկական կողմի պահանջներին:
Մահչուպյանի խոսքով հայկական կողմի այդպիսի դիրքորոշման պարագայում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման կամ հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ որևէ զիջումները անհնար են:
Նա հավելել է, որ որևէ քայլեր Թուրքիայի կողմից կարելի է ակնկալել միայն մեկ տարի անց, քանի որ այդ ժամանակ կրքերը մի քիչ կհանդարտվեն: