16/12/2014 12:15
«Մաքսային կարգավորման մասին» օրենքն ընդունվեց 70 կողմ ձայնով
Այսօր ԱԺ վավերացրեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Մաքսային կարգավորման մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը:
Մինչ քվերակությունը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը դեմ է այս նախագծի բոյկոտին: Պատգամավորը շեշտեց, որ պետք է գալ և հստակ դիրքորոշում արտահայտել: «Լինելով դեմ ԵՏՄ անդամակցությանը՝ իմ պարտքն եմ համարում մասնակցել այս նստաշրջանին, և այդ միության պայմանագրի ամբողջ փաթեթին դեմ քվերակել թե՛ ամբողջական, թե՛ առանձին-առանձին օրենքներին և իմ հստակ տեսակետն արտահայտել այս նախագծին: Հարգում եմ ցանկացած ուժի դեմ լինելու իրավունքը, բայց բոյկոտը ծայրահեղ քայլ է, որը կարող է սպասարկել այս կամ այն կուսակցության շահերը: Թեև այլ պայքարի մեթոդներ չկան, բայց այս պահին անիմաստ եմ համարում բոյոկոտը, և մենք պարտավոր ենք մեր դիրքորոշումը ցուցաբերել այս բախտորոշ պայմանագրի վերաբերյալ: Խուսափողականությունն այս պարագայում չեմ ընդունում»,- հայտարարեց պատգամավորը:
Դեմ քվերակելու կոչ արեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա ընդգծեց, որ այսօր ԱԺ-ը ևս մեկ անգամ փորձ է կատարելու Հայաստանի անկախությունը վաճառքի դնել: «Ես եկել եմ դեմ քվերակելու և նույնը կոչ անելու ձեզ: Արդեն իսկ նկատելի է ՌԴ տնտեսության գահավիժումը, և ես գտնում եմ, որ Հայաստանն այդ տնտեսության հետ համագործակցելու անելիք չունի: Այն, ինչ ուզում են վավերացնել, ուզում են ՀՀ-ն բռնակցել այդ միությանը: Սա ուղղակի անգործություն է»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ չի ուզում վիրավորել իշխանություններին, բայց ՄՄ անդամակցելն ուղղակի անընդունելի է: «Կոչ եմ անում չքվեարկել այս նախագծին»,- հայտարարեց պատգամավորը, որին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Կարևորը բոյկոտից դուրս եկաք»:
Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր հերթին հորդորեց միանական լինել ու միասնական ԱԺ-ի որոշում հաստատել: Պատգամավորի կարծիքով՝ քանի դեռ այդպիսի հնարավորություն կա, քանի դեռ ուշ չէ, ԱԺ-ը պետք է միասնական որոշում կայացնի:
«Ամեն մի կուսակցություն իր կողմից հայտարարություն կարող է անել, և ըստ էության, քննադատական հայտարարություններ արդեն հնչել են այստեղ: Այս հայտարարությունն արժեք կունենա այն ժամանակ, երբ այն լինի համատեղ ԱԺ-ը: Առաջարկում եմ աշխատենք ու միասնական հայտարարություն անենք»,- ասաց պատգամավորը՝ համոզմունք հայտնելով, որ ԱԺ այսօր ունակ է հասնել այդպիսի հայտարարության: «Եկեք այդ ճանապարհը բաց պահենք ու աշխատենք այդ ուղղությամբ»,- հավելեց նա:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին հորդորեց ու խնդրեց քվերակությունն հետաձգել և թողնել մինչև Հայաստանի մյուս գործընկեր երկրները կհաստատեն այդ որոշումը, սակայն պատգամավորի այդ առաջարկն այդպես էլ չընդունվեց:
Քվերակությունը հետաձգելու առաջարկ հնչեց նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կողմից: «Մաքսային օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, ոչ թե այս օրենքով հղում կատարեն այն օրենքին»,- հավելեց նա, որին ի պատասխան Գ. Սահակյանը հավելեց, որ Կառավարությանը եղել է առաջարկ քննարկումներ կազմակերպել:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» և ՀԱԿ խմբակցությունները ներկա չէին նիստին՝ բոյկոտելով այն:
Ինչևէ՝ օրինագիծն ընդունվեց 70 կողմ, 5 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: