22/12/2014 13:00
Վերլուծաբան. Չեմ բացառում, որ Ռուսաստանը և Ղազախստանը ցանկանում են Ադրբեջանի անդամակցություն ԵՏՄ-ին
«Հայաստանում ստեղծվում է բարեփոխումների նախարարություն և ԶԼՄ-ներում հայտնվում է տեղեկատվություն, որ դա ուղղված է ԵՏՄ-ի համար: Իմ կարծիքով՝ նախարարությունը պետք է համակարգի ԵՏՄ-ի և ԵՄ-ի ուղղությունը: Այն պետք է ունենա երկու ուղղությունները համակարգող փոխնախարարներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ ԵՄ-ի հետ Հայաստանը ունենալու է տնտեսական համագործակցություն և դա պետք է պարզ լինի Երևանի բոլոր գործընկերներին:
«ԵՄ-ի անդամ բոլոր երկրները, Ռուսաստանը և Հայաստանը նույնպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամներ են և համագորակցության կետերը շատ են»,- նշեց Կ. Բեքարյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի քաղաքականությանը տարածաշրջանում՝ վերլուծաբանը նշեց, որ Վրաստանը ունեցել է հստակ արևմտյան կողմնորոշման քաղաքականություն, Հայաստանը, լինելով ՌԴ-ի ռազմավարական գործընկեր, ցույց է տվել իր այդ գերակայությունը, իսկ Ադրբեջանը ունեցել է առավել նեյտրալ վիճակ:
«Որևէ կերպ չեմ բացառում, որ Ռուսաստանը և Ղազախստանը ցանկանում են Ադրբեջանի անդամակցությունը ԵՏՄ-ին, սակայն Ադրբեջանը, լինելով էներգակիրներ արտահանող երկիր, հասկացել է, որ այստեղ ունենալու է այդ երկրների հետ բախվող շահեր»,- նշեց Կ. Բեքարյանը:
Եզրափակելով խոսքը՝ նա ասաց, որ քաղաքական կոնյուկտուրան կարող է բերել նրան, որ Ադրբեջանի մոտ ցանկություն առաջանա անդամակցել ԵՏՄ-ին: