23/12/2014 13:47
Գ.Մակարյան. Դրամը կմնա 430-440 դրամի մակարդակի վրա
Բոլորը ձեռքները լվացին ու համարեցին, թե գնաճի խնդիրը միայն Կենտրոնական բանկի խնդիրն է: Ու այդ սոցիալական խնդիրը կոտրվեց ամբողջ հասարակության, նաև՝ բիզնեսի գլխին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով` նաև Կենտրոնական բանկն էր այդ ամենի մեղավորը, քանի որ իր կեցվածքով խաբուսիկ իրավիճակ ստեղծեց, իսկ պետական պատկան կառույցներն էլ ոչ մի քայլ չարեցին գնաճը զսպելու համար:
«Ես կարծում եմ, անգամ վստահեմ, որ դրամի փոխարժեքի կարգավորումը ժամանակավոր բնույթ է կրում և 2015 թ-ին ռուսական ռուբլին կգտնվի ներքին հոգեվարքի մեջ: Կարծում եմ՝ ռուբլին դոլարի նկատմամբ հազիվ 40-45 մակարդակի վրա կանգնի, իսկ այս դեպքում հայկական դրամը երբեք չի իջեցվի 410 դրամի ու այդպես էլ կմնա 430-440 դրամի մակարդակի վրա»,- նշեց նա` նկատելով, որ ռուբլու արժեզրկումը բացասական ազդեցություն ունեցավ դեպի Հայաստան տրանսֆերտների վրա:
Ամենացավալին այս ամենում, ըստ Գ.Մակարյանի, այն է, որ իրավիճակը բացահայտեց հայկական բանկերի թույլ լինելը: Այսօր, բանախոսի մատնանշմամբ, որոշ բանկերի ղեկավարներ հրաժարական են ներկայացնում, մինչդեռ եթե բանկային համակարգը տնտեսության կողքին կանգներ, տնտեսությունը կկարողանար առողջանալ: