23/12/2014 12:39
Ռոստելեկոմն ամփոփում է տարին. 2015-ին սպասվում են անակնկալներ
Չնայած տարածարջանային ու լոկալ խնդիրներին՝ 2014 թվականը հաջողակ տարի էր: Այս մասին այսօր Ռոստելեկոմի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Այս տարի բացի բաժանորդների քանակի զգալի աճից, ընկերությունը բավական լուրջ քայլեր ձեռնարկեց հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ: Մասնավորապես՝ ընդլայնվեցին վաճառքի և սպասարկման սրահները, ընդլայնվեցին նաև վճարումների ընդունման հնարավորությունները», - ասաց Հայկ Ֆարամազյանը ՝ հստակեցնելով, որ այսուհետ Ռոստելեկոմի բաժանորդներն իրենց վճարումները կարողանում են կատարել, ինչպես տերմինալներից, այնպես էլ՝ բանկերով և ՄոբիԴրամ համակարգով:
«Ինչ վերաբերում է մեր հասանալեիությանը, ապա այս տարվանից արդեն հասանելի ենք Հայաստանի 19 քաղաքում և ծածկում ենք նաև Երևանի 80 տոկոսը»,- ասաց Հայկ Ֆարամազյանը:
Նա նշեց, որ անցնող տարում ընկերության ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 3 միլիարդ դրամ:
«Բաժանորդների քանակը 2014-ին հասցվել է ավելի քան 26 հազարի, ինչը նախորդ տարվա համեմատ, մոտ 2.5 անգամ ավելի է», - հավելեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի տնօրենը:
Ինչ վերաբերում է 2015-ի պլաններին, Հայկ Ֆարամազյանը նշեց, որ հիմնական թիրախն ու աշխատանքի ուղղությունը լինելու է տրամադրվող ծառայությունների որակի բարելավումը:
«Համոզված եմ՝ մեր այսօրվա բաժանորդներին ու բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են ցանկանում բաժանորդագրվել մեզ, բացի մշտապես ապահովվող բարձր որակից, 2015-ին նաև շատ այլ գրավիչ անակնկալներ են սպասվում»,- հավաստիացրեց Հ. Ֆարամազյանը: