23/12/2014 11:54
Ա. Ասատրյան. 2015 թ-ին կմշակվի Ընտանիքի նոր հայեցակարգ ու ռազմավարություն
2014 թ-ը երեխաների պաշտպանության ոլորտի համար բավականին հագեցած էր և նշանավորվեց «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով: Այս մասին տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` երեխան ամենաջերմ և լավ մթնոլորտը ունենում է ընտանիքում և լիարժեք հասարակության անդամ է դառնում մեծանալով ընտանիքում: Եվ որքան էլ հաստատությունները զարգանան` դրանք չեն կարողանա փոխարինել ընտանիքի դերը:
Այս համատեքստում նախարարությունը կշարունակի իր գործունեությունը նաև գալիք` 2015 թ-ին, մասնավորապես.
«Հաջորդ տարի կնշանավորվի Ընտանիքի հայեցակարգի և ռազմավարության մշակմամբ ու այն հանրությանը ներկայացմամբ, քանի որ ժամանակն է, որ ընտանիքի քաղաքականությունը դրվի ամուր հիմքերի վրա»,- տեղեկացրեց նա` հավելելով, որ ժամանակն է ավելի լավ սոցիալական քաղաքականություն ունենալ:
Ամփոփելով անցնող տարին Ա. Ասատրյանը նշեց, որ 2014 թ-ը սոցիալական ոլորտի տարբեր ճյուղերում բարեփոխումների մեկնարկի տարի էր, ու թեև դրանք ուղեկցվել են լարված բանավեճերով, երբեմն նաև հանրության դժգոհությամբ, բայց իր ղեկավարած ոլորտի կարևորագույն ձեռքբերումը համարում է այն, որ բոլոր դեպքերում էլ հանրային պահանջը հաշվի է առնվել , բաց քննարկումներ են եղել, որոնց արդյունքում էլ հնարավոր է եղել գտնել համապատասխան լուծումներ: