23/12/2014 14:50
Սարսափահար եղած ադրբեջանցիների արկածները՝ «Զվարթնոց» օդանավակայանում
Կիև-Թբիլիսի չվերթն իրականացնող «Ուկրաինական ավիաուղիների» երկու ինքնաթիռներ երեկ և այսօր գիշերը պարտադրված վայրէջք են կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, քանի որ Թբիլիսիի օդանավակայանը փակ է եղել մառախուղի պատճառով: Այս լուրը, թերևս, որևէ հետաքրքրություն իրենից չներկայացներ` դե, տեխնիկական պահ է, որ շատ է պատահում, եթե այդ ինքնաթիռներում ադրբեջանցիներ չլինեին` 37 հոգի: Այս առումով լուրը տեխնիկական նշանակություն ունեցող տեղեկատվությունից անմիջապես վերածվում է քաղաքական նշանակության ունեցող:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասաց, որ անվտանգության աշխատակիցները ապահովել են ադրբեջանցի ուղևորների անվտանգությունը, հնարավորություն ընձեռել փոխանակման կետերում գումար փոխանակել: Բացի այս` կազմակերպել հյուրասիրություն` թեյ և սուրճ հյուրասիրել ու ճանապարհել:
«Ադրբեջանցի ուղևորներից շատերը հրապարակային շնորհակալություն են հայտնել անվտանգությունն ապահովող Հենրիկ Գաբրիելյանին»:
«Վեստի.ազ»-ի հաղորդմամբ` ադրբեջանցի ուղևորներից մեկը ասել է, թե երբ տեղեկացել են, որ Թբիլիսիի օդանավակայանի չընդունելու պատճառով օդանավը ուղորդվել է Երևան, նրանք սկսել են պահանջել, որպեսզի ինքնաթիռի անձնակազմը վայրէջք կատարի Գյանջայում, սակայն մերժվել են: Իսկ տեղում` «Զվարթնոցում», անվտանգության աշխատակիցները առաջարկել են հանձնել անձնագրերը և դրանք կնիքվելուց հետո` ավտոբուսով տեղափոխվել Թբիլիսի:
«Մենք կապվեցինք Կիևի ներկայացուցչության հետ, որն էլ կապվել է Ադրբեջանի դեսպանատան հետ ու այնտեղից հորդորել են` չհանձնել անձնագրերը: Արդյունքում մենք ստիպված էինք դուրս գալ օդանավից, որպեսզի տեղափոխվենք այլ օդանավ` Թբիլիսի հասնելու համար»,- պատմել է նա: