25/12/2014 17:53
Թմրանյութ տեղափոխող փաստաբանը Ռուբիկ Մովսիսյանն է
Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում ստացվել են նյութեր` փաստաբանի պայուսակի մեջ գտնվող բջջային հեռախոսների լիցքավորիչների մեջ հայտնաբերված կասկածելի զանգվածների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հրաժարվել էր լրատվամիջոցներին հայտնել փաստաբանի անունը:
Aysor.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը հաստատեց, որ այդ փաստաբանը Ռուբիկ Մովսիսյանն է, ում նկատմամբ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել:
Կարգապահական վարույթը հարուցվել է Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 6.2.1 ենթակետի հիմքով, ըստ որի՝ փաստաբանը պարտավոր է ձերբակալվածներին պահելու վայրերում, կալանավորվածներին պահելու վայրերում և ուղղիչ հիմնարկներում պահպանել սահմանված կարգը և իր վստահորդին կամ այլ անձի չփոխանցել արգելված իրեր:
ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգի թիվ 2 ձևով նախատեսված ցանկի 3-րդ կետի համաձայն՝ արգելված իրերի ցանկում է ներառված ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք, բաժանորդային քարտ և այլ մասեր ու պարագաներ, ռացիա և այլն)։
Հիշեցնենք, որ փաստաբանը հեռախոսի լիցքավորիչներ է տեղափոխել դատապարտյալին հանձնելու համար։
ՓՊ նախագահի որոշման համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը զուր չէ արգելված իրերի փոխանցման արգելք նախատեսում փաստաբանի համար (անկախ այն հանգամանքից, որ այլ իրավական ակտով այդպիսի արգելք կա), քանի որ այդ արարքով փաստաբանը կարող է հայտնվել առավել վտանգավոր իրավիճակում (օրինակ, երբ չիմանալով փոխանցում է այնպիսի առարկա, որի առկայությունը փաստաբանի մոտ ինքնին քրեաիրավական հետևանքներ կարող է առաջացնել)։ Նման արարքը կարող է ազդել ոչ միայն արարքը կատարած, այլ նաև մյուս փաստաբանների հեղինակության վրա։
Ի դեպ՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում` ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:
Հ. Հակոբյանը տեղեկացրեց, որ սովորաբար նման դեպքերում Փաստաբանների պալատի նախագահի հրամանով կարգապահական վարույթ է սկսվում, որը տևում է մոտավորապես 8 ամիս:
Մեր դիտարկմանը, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը փաստաբանի արդարացումները, որ նշված զանգվածն իրեն չի պատկանում, և որ նրան են փոխանցել կալանավորներից մեկին փոխանցելու համար, Հ. Հակոբյանը նշեց, որ քննությունը ցույց կտամ թե ինչ է եղել իրականում:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ՓՊ ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Ռ. Մովսիսյանի հետ՝ Հ. Հակոբյանը հավելեց՝ ոչ: «Սովորաբար չենք հանդիպում: Եթե նախաքննության ընթացքում խախտումներ ենք նկատում, նոր միջամտում ենք կամ համապատասխան հայտարարություն տարածում»,- մանրամասնեց Հակոբյանը:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբանի պայուսակից հայտնաբերվել է թմրանյութ