25/12/2014 11:41
Ա. Մարտիրոսյան. ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նպատակ ուներ երկարացնել իշխանությունների գոյությունը
«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի համար ձեռնտու չէ և մենք շարունակելու ենք հարվածներ ստանալ այդ ուղղությամբ: Ամբողջ խնդիրը կապված էր իշխանությունը պահելու, այլ ոչ թե Հայաստանի տնտեսությունը զարգացնելու հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թ.-ի քաղաքական տարին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո ՀՀ-ի տնտեսական վիճակը չբարելավեց, այլ հակառակը:
«Ռուսասատանը շարունակում է ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ, ինչը նույնպես մտահոգիչ է»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նպատակ ուներ երկարացնել իշխանությունների գոյությունը:
Նրա խոսքով՝ տնտեսական վիճակը շարունակելու է վատթարանալ, սոցիալական իրավիճակը լարվելու է և առաջին անհրաժեշտության ապրանքները գները նույնպես աճել են:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին Մարտիրոսյանը նշեց, որ իրենց միասնական գործողությունների հետևանքով նախկին կառավարությունը հրաժարական տվեց:
«Մշակվեցին 12 կետերը, որոնք լակմուսի թուղթ էին` իշխանությունները ցանկանում են գնալ բարեփոխումների, թե ոչ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
Ա. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք պետք է շարժվեն իշխանափոխության պահանջը առաջ տանելով:
«Պատերազմի իրավիճակում գտնվող երկրում ծեծում են հերոս ազատամարտիկներին, ինչը անընդունելի է և ստոր քայլ է»,- հավելեց Ա. Մարտիրոսյանը: