25/12/2014 13:10
Կարեն Բեքարյան. Պետք է դինամիկ կերպով ընդլայնել Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը
«Պետք է դինամիկ կերպով ընդլայնել Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը և ձգտել պետական մակարդակով մի քանի պետությունների կողմից Ղարաբաղի ճանաչմանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թ.-ի քաղաքական տարին՝ ասաց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ ղեկավար Կարեն Բեքարյանը:
Նա նշեց, որ 2015 թ.-ին ղարաբաղյան բանակցությունների վրա էականորեն կազդեն Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները:
«Առկա է երկու տարբերակ` առաջին, Արևմուտքը և Ռուսաստանը ղարաբաղյան բանակցային ֆորմատում փորձում են ինքնահաստատվել և երկրորդ տարբերակ, Արևմուտքը և Ռուսաստանը ցույց են տալիս, որ դեռևս մնացել են համագործակցության կղզյակներ, այդ թվում՝ ղարաբաղյան բանակցային գործընթացի ֆորմատը»,- նշեց Կ. Բեքարյանը:
Անդրադառնալով միջազգային քաղաքական իրավիճակին՝ Բեքարյանը նշեց, որ եթե ուկրաինական ճակատում և Իսլամական պետության հետ կապված խնդիրները սրվեն ղարաբաղյան հարցի նշանակության աստիճանը ավելի կնվազի միջազգային հարցերի սանդղակում:
Նա նշեց, որ 2015 թ.-ին Ադրբեջանում Եվրոպական խաղեր են նախատեսվում և դա այդ երկրի PR ակցիա է և Բաքուն կփորձի իրեն ցուցադրել իբրև վստահելի գործընկեր, ինչը նույնպես իր ազդեցությունը կունենա ղարաբաղյան բանակցային գործընթացի տրամաբանության վրա:
«Վերոնշյալ գործոնները 2015 թ.-ին կազդեն ղարաբաղյան հարցի վրա` ուղղակի կամ անուղղակի»,- հավելեց Կ.Բեքարյանը: