27/12/2014 13:53
Մարզպետ. Լոռու մարզում կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները տուրիզմը զարգացնելու համար
Մեր տնտեսությունը զգալիորեն փոխկապակցված է ՌԴ տնտեսությանը, ուստի ԵՏՄ-ին անդամակցությունը, կարծում եմ, առաջընթաց կարձանագրի մեր երկրի համար: Այս մասին՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ի՞նչ կտա ԵՏՄ անդամակցությունը մեզ, իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Հարցին՝ արդյոք ո՞րն է Լոռու մարզում այսօր ամենահրատապ խնդիրը, նա պատասխանել է. «Չկա որևէ բնագավառ, որտեղ խնդիրներ չունենանք, սակայն մեզ այսօր առավել շատ անհանգստացնում է բնակչության սոցիալական վիճակը: Այս առումով պետք է փորձենք էական քայլեր ձեռնարկել աշխատատեղերի ստեղծման համար: Վարչապետի հստակ հանձնարարականն է եղել խրախուսել ու աջակցել բոլոր այն գործարարարներին, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել, աշխատատեղեր ստեղծել: ԵՏՄ անդամակցությունը ևս մեզ հնարավորություն է տալիս նոր շուկաներ գրավելու: Համոզված եմ, որ 2015-2016թ.թ. տնտեսության ոլորտում զարգացում կունենանք»:
Հանքարդյունաբերությունն արդյոք չի՞ խոչընդոտի տուրիզմի զարգացմանը մարզում հարցին ի պատասխան Ա. Նալբանդյանը ասել է.
«Լոռու մարզի տնտեսության զարգացման համար, ինչպես արդեն նշեցի, կարևոր եմ համարում արդյունաբերության զարգացումը, գյուղատնտսությունը և որպես տնտեսության զարգացման այլընտրանքային ճյուղ՝ տուրիզմը:
Վերջինիս ուղղությամբ ևս լուրջ ծրագրեր ենք իրականացնում Ֆրանսիայի ՊԱԿԱ և Ռ՛հոն Ալպ ռեգիոնների հետ: ՊԱԿԱ-ի աջակցությամբ Ալավերդում ստեղծվել է «Թումանյան աշխարհ» տուրիստական կենտրոնը: Ինչ վերաբերում է հարցին, ապա պետք է վստահեցնեմ, որ հանքարդյունաբերությունը բնավ չի խոչընդոտի տուրիզմի զարգացմանը: Ասեմ ավելին, նախատեսում ենք նաև Ախթալա և Ալավերդի տուրիստական խմբեր ուղղորդել տեղի հանքարդյունաբերության պատմությանը ծանոթանալու նպատակով:
Իսկ առհասարակ, Լոռու մարզում կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները տուրիզմը զարգացնելու համար: Առաջիկայում լուրջ հաջողություններ ենք արձանագրելու այս ոլորտում»,-ասել է նա: