14/01/2015 14:03
«Նաիրիտի» վերագործարկման ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին մինչև հունվարի 20-ը ևս մեկ ամսվա աշխատավարձ կվճարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հավելելով, որ փետրվարին նոր պայմանագրեր կստորագրվեն «Նաիրիտի» 478 աշխատակցի հետ:
Ինչ վերաբերում է «Նաիրիտի» վերագործարկմանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ Համաշխարհային Բանկի կողմից գործարանում կիրականացվի տեխնիկական աուդիտ: Մինչև ամսվա վերջ Երևան կայցելեն ՀԲ ներկայացուցիչները և «Նաիրիտի» մասնագետների հետ աշխատելով՝ կուսումնասիրեն վերագործարկման հնարավորությունները:
Նախարարը հույս հայտնեց, որ աուդիտի արդյունքները պարզ կլինեն փետրվարի վերջին, և դրական եզրակացության դեպքում կառավարությունը կդիմի «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի կառավարման մարմիններ՝ վերագործարկման համար միջազգային մրցույթ անցկացնելու նպատակով:
«Գործարանում ընդհանուր առմամբ կաշխատի 600-700 մարդ»,- ընդգծեց Ե. Զախարյանը՝ հավելելով, որ ներկայացրել է «Նաիրիտի» աշխատակիցներին, որ ՀՀ կառավարությունը որևէ կոնկրետ քայլ՝ կապված «Նաիրիտ» գործարանի հետ, չի կարող անել, քանի որ գործարանի բաժնետոմսերը գտնվում են գրավի տակ ԱՊՀ միջպետական բանկում:
«Պետությունը չի տնօրինում «Նաիրիտի» բաժնետոմսերը և ՀՀ կառավարությանը կարող է քայլեր կատարել միայն այն դեպքում, եթե դա անցնի կառավարության տնօրինությանը»,- հայտնեց Էնեգետիկայի և բնական պաշարների նախարարը: