20/01/2015 19:25
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը». Տեղի ունեցավ Բաքվում հայերի ջարդերի մասին պատմող ֆիլմի շնորհանդեսը
Երևանում այսօր տեղի ունեցավ «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի շնորհանդեսը: Այն ստեղծվել է «Սովորական Ցեղասպանություն» նախագծի շրջանակներում և նվիրված է հայերի կոտորածի 25-րդ տարելիցին:
Ֆիլմի համար հիմք են ծառայել Բաքվից հայ փախստականների հետ հարցազրույցները, որոնց նկարահանումներն անցկացվել են Միացյալ Նահանգներում:
«Այսօր հունվարի 20-ն է և այս օրը մենք նշում ենք որպես Բաքվում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակման օր»,- շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Սովորական Ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
«25 տարի առաջ դրվեց Բաքվի հայության պատմության վերջին կետը: «Սովորական Ցեղասպանություն» նախագիծը մենք իրականացվում ենք Հայաստանի Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հանրային կապերի կենտրոնի կողմից: Այն իրականցվում է արդեն 5 տարուց ավել և այս ընթացքում մենք նկարահանել ենք 5 ֆիլմ: Բացի այդ լույս են տեսել բազմաթիվ գրքեր, բրոշյուրններ, որոնք պատմում են 1988-92 թթ.-ներին Ադրբեջանում և Արցախում իրականացված հայերի ցեղասպանության և ջարդերի ակտերի մասին»,- պատմեց Մարինե Գրիգորյանը՝ ավելացնելով, որ բացի այս ստեղծվել է մի կայք՝ Kharabakhrecords.info, որում կարելի է գտնել նախագծի ամբողջ փաստագրային բազան:
«Սակայն կոնկրետ Բաքվի հետ կապված այս մի ֆիլմն առանձնահատուկ է գոնե ինձ համար, քանի որ իսկապես բացառիկ է: Բաքվի ցեղասպանությունը մնացել է մեր տարածաշրջանի մութ էջերից մեկը և երևի թե այդ ժամանակաշրջանում իրակացված ամենաանհետազոտված և ամենաանհայտ էջերից է: Շատ քիչ են փաստաթղթերն ու լուսանկարները այս դեպքի վերաբերյալ, տեսագրություններ ընդանրապես չկան ու այս տեսակետից շատ կարևոր է հավաքել և տեսագրել մարդկանց հիշողություններն, ովքեր այդ ամենն իրենց աչքով են տեսել»,- ասաց Մարինե Գրիգորյանը:
«Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմի սցենարի համահեղինակ Լարիսա Ալավերդյանը ֆիլմին անդրադառնալուց առաջ նախ առաջարկեց հավաքվածներին մեկ րոպե լռությամբ հարգել Գյումրիում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակն, իսկ հետո նաև Բաքվի ջարդերից տուժածներին:
«Տեղի ունեցածը վերապրելը շատ դժվար է: Ամեն անգամ, երբ փրկվածներին խնդրում եմ պատմել եղածի մասին՝ հոգուս խորքում խղճի խայթ եմ զգում, իրենք իրապես վերապրում են այդ օրերը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը`ընդգծելով, որ Բաքվի դեպքերը ոչ միայն չեն դատապարտվել մինչև օրս, այլև ոչ մի առանձին դեպքով անգամ չի հարուցվել ոչ մի քրեական գործ.
«Օրինակ՝ Մադրիդյան սկզբունքների մեջ գրեթե 400 հազար փախստականների մասին որևէ կետ չկա»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նա ընդգծեց, որ հարցը պետք է բարձրացվի պետական մակարդակով և վերջապես ցույց տրվի ցեղասպանածին Ադրբեջանի դեմքը:
Նշենք, որ «Մեկ դար տևող ցեղասպանություն. Բաքվի սև հունվարը» ֆիլմն այսօր առաջին անգամ կցուցադրվի հեռուստատեսությամբ: Ժամը 23:00-ին այն կլինի «Արմենիա-ԹՎ»-ի եթերում: