22/01/2015 15:50
Շարմազանով. Նման նուրբ դեպքերը չպետք է սարքել շոուների առարկա
Իմ կարծիքով,ավելի արդյունավետ կլինեին փակ քննարկումները, ինչպես եղավ դոլար-դրամի ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս փոքր-ինչ ավելի զգացմունքային լինել և խնդիրը քաղաքականացնել, սակայն Դատախազը և ԱԺ պետաիրավական հանձնաժողովը որոշեցին բաց քննարկում անցկացնել: Այս մասին Գյումրու դեպքերի վերաբերյալ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ դատախազը բոլոր հարցերին սպառիչ պատասխան տվել է, իսկ դատական իշխանությունը կիրականցնի իր լիազորությունը:
Դիտարկմանը, թե սա նաև քաղաքական հարց է, Է. Շարմազանովը ասաց. «Ցավը շատ մեծ է, կա հուզական, բարոյական, իրավական հարթություն: Հուզական հարթությունից սա եղեռնագործություն է, դժբախտություն, յուրաքանչյուր բանական մարդու համար սա ցավ է, ինչը փաստ է: Այն, որ հանցագործը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, դա փաստ է, այդ իմաստով մեր գյումրեցիների բողոքը ես հասկանում եմ: Իրավական հարթությունում ԱԺ նախագահը անելիք չունի, քննչական կոմիտեի հետ ստեղծվել է շտաբ, և պետք է գիտակցեք, որ ամեն հարց չի, որ կարելի է տալ ինձ: Քաղաքական կողմի հետ կապված գտնում եմ, որ նման խնդիրը տանել հայ-ռուսական հարաբերությունների միջպետական հարթություն, արդարացված չի և որևէ մեկիս շահերից չի բխում: Դա ժողովրդին չի վերաբերվում, բոլոր գործիչները, ովքեր կցանկացանն այս եղեռնագործությունը կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ, մեղմ ասած, ես 2015 թ. ավելի հանդուրժողական եմ փորձել սկսել, կոռեկտ ասած, մոլորության մեջ են: Աստված մարդուն տալիս է այնքան ուժ, որ կարողանա տանել»:
Նախատեսու՞մ եք արտահերթ նիստ կազմակերպել հարցին ի պատասխան Է. Շարմազանովը պատասխանեց. «Ուզում եմ նշել, որ համամիտ չեմ պնդումներին, որ լսումները որևէ բան չտվեցին կամ արդյունավետ չէին, 2 ժամ տևած լսումների հարցերը բազմաբովանդակ էին, դատախազը պատրաստ էր իր լիազորությունների շրջանակներում պատասխանել հարցերին: Մեր օրակարգում նման հարց դրված չէ, սակայն ԱԺ կանոնակարգը տալիս է նման հնարավորություն: Իմ անձնական կարծիքը այն է, որ նման նուրբ դեպքերը չպետք է սարքել շոուների առարկա:
Այնտեղ կան անկեղծ մղումներ, բայց իմ եզրափակիչ խոսքը միտված է նրան, որ մենք 10 րոպե կորցրեցինք թատերական ներկայացումների համար, բայց գործը հասավ նրան, որ պատգամավորներից մեկը ասաց՝ Կաթողիկոսին կարող են հրավիրել: Ես ցավում եմ, որ հայ քրիսոտնյա մարդը դեռ այնքան գիտակցություն չունի, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որի հոտի անդամն ենք բոլորս, չեն կարող հրավիրել, կանչել: Այն մարդիկ, ովքեր ասում էին, որ դահլիճը փոքր է, չկային, իշխանությանը քննադատելու շատ հարց, բայց այս խնդիրը դնել և ժողովրդի վերքի վրա աղ լցնել, տեսականերոն օրենքը թույատրում է, սակայն անհրաժեշտություն չեմ տեսնում, և իմ կոչն է բոլորին, առաջինը աղոթենք՝ որպես քրիստոնյա մեր Ավետիսյան ընտանիքի համար, և կոչ եմ անում լինենք միասնական, մեզ պահենք քրիստոնյայի նման և մեր մեջ մեղավորներ չփնտրենք»: