22/01/2015 17:04
Շարմազանով. Ադրբեջանի քարոզչամեքենան հենց Ալիևի ներկայությամբ ապտակ ստացավ Մերկելից
«Սովորության համաձայն Ադրբեջանն աղավաղում է և՛ իրականությունը, և՛ բանակցային գործընթացը: Սա Ադրբեջանի պաշտոնական քաղաքականության վառ դրսևորումն է, նրանք նույնիսկ իրենց գործընկեր երկրի կանցլերի խոսքերն են միտումնավոր աղավաղում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով որոշ լրատվամիջոցներում տեղ գտած աղավաղված տեղեկատվությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Լեռնային Ղարաբաղի մասով արված հայտարարությունների վերաբերյալ:
Է. Շարմազանովը նշեց, որ պաշտոնական պարզաբանումից հստակ երևում է, որ ղարաբաղյան համակարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր Ֆրանսիան Գերմանիայով փոխարինելու մասով որևէ բառ չի հնչել: Երկրորդ խնդրահարույց հայտարարությունը, որ իբրև թե արել էր Անգելա Մերկելը, վերաբերում էր Ռուսաստանին: Մասնավորապես, ապատեղեկատվություն տարածած լրատվամիջոցները գրել էին, թե Մերկելն ասել է հետևյալը. «Հրադադարի պարբերական խախտումները բացասական երևույթներ են, որոնց հարցում որոշակիորեն իր դերն ունի նաև Ռուսաստանը»: Մինչդեռ, ըստ ՀՀԿ-ական փոխնախագահի, Մերկելը նշել է բոլորովին հակառակը, այն է` փաստել է, որ Ռուսաստանն ու Գերմանիան տարբեր չափորոշիչներ չեն կիրառում այս խնդրում և խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի:
«Այսինքն` Ադրբեջանի ղեկավարությունը, Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան փոքրիկ ապտակ է ստացել հենց Գերմանիայի կանցլերի կողմից ու հենց Ալիևի ներկայությամբ` նշելով, որ խաղաղ կարգավորումը միակ ճանապարհն է և դա Եվրամիության կարծիքն է, նաև Ռուսաստանի ու Հայաստանի: Իսկ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ով է խոսում բացառապես ռազմական ուժից»,- ասաց Է. Շարմազանովն ու ավելացրեց, որ սա Ադրբեջանի պրիմիտիվ քաղաքականության և քարոզչության ևս մեկ դրսևորումն էր, ուստի և հորդորեց բոլոր գործընկերներին նմանատիպ տեղեկատվության դեպքում ադրբեջանական և թուրքական կայքերին հղում չանել` առանց լուրի իսկությունը պաշտոնական խողովակներով ճշտելու: