22/01/2015 15:17
Նախարար. Հեպատիտ C-ով վարակված հիվանդների բուժումը կիրականացվի բարձր մակարդակով
Քաջարանում հեպատիտ C-ով վարակված հիվանդները ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում են, նրանց բուժումը կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով. բոլոր հիվանդներն ունեն բժշկական ապահովագրություն: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարը նաև նշեց, որ այժմ ուսումնասիրություն է կատարվում ոչ միայն Քաջարանի հիվանդանոցում, այլև՝ առհասարակ ամբողջ առողջապահական ցանցում:
Արմեն Մուրադյանը նաև հաղորդեց, որ աշխատանքները համակարգվում են նախարարությունում, անցկացվել է երկու խորհրդակցություն, կազմվել է աշխատանքային խումբ. Մասնագետները` փոխնախարարի ղեկավարությամբ այժմ Սյունիքում են:
«Խախտումները գրանցվելու են և տրամադրվելու են համապատասխան իրավապահ մարմիններին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ հեպատիտ C-ն բուժվող հիվանդություն է:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Քաջարանի բժշկական կենտրոնում հեպատիտ C-ով են վարակվել շուրջ 8 մարդ: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: