Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ. ԼՂՀ նախագահի ուղերձը՝ Սերժ Սարգսյանին
28/01/2015 10:26

Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ. ԼՂՀ նախագահի ուղերձը՝ Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը  Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել  Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Սերժ Սարգսյանին հղված ուղերձում մասնավորապես ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար: Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում և այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:

Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին` այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք` հայոց անկախ պետականության շարունակական զորացման ու բարգավաճման ճանապարհին»: