28/01/2015 15:08
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգևատրել է հրամանագրերով
Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած մարտական բարձր պատրաստվածության և ակնառու ձեռքբերումների համար մի խումբ զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով: ՀՀ Նախագահի նստավայրում այսօր կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինծառայողներին և ազատամարտիկներին տոնի ու պետական բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և նրանց ներկայությամբ Բանակի օրվա առթիվ իր շնորհավորական ուղերձը հղել մեր հայրենակիցներին:
Ինչպես տեղեկանում ենք երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից, նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական իր խոսքում մասնավորապես ասել է.
«Հարգելի՛ պարգևատրվածներ,
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու և հայկական բանակի օրվա կապակցությամբ:
Մենք հպարտանում ենք ձեզնով: Շնորհակալություն ենք հայտնում ձեզ ձեր մեծ նվիրումի և հայրենանվեր ծառայության համար:
Այսօր պարգևներ ենք հանձնում, ցավոք, նաև հետմահու: Փա՛ռք նրանց հիշատակին: Կարծում եմ՝ որևէ մեկը չի կասկածում, որ մեր բոլոր ընկած տղաների համար մենք պատասխան ենք ապահովելու:
Հայոց բանակի օրը մենք կրկին ու կրկին բարձրաձայնում ենք զինված ուժերի իրականացրած առաքելության կարևորության մասին, դրա նշանակության և բարդության մասին: Բայց նաև խոսում ենք մեր զինվորականների անձնվիրության ու հերոսականության մասին:
Եվ ինչպես արդեն ավանդական է դարձել, Բանակի օրվա առթիվ իմ շնորհավորական ուղերձը ես հնչեցնում եմ այնպիսի արժանավորների առջև, ինչպիսիք այսօր ներկա են այս դահլիճում: Թույլ տվեք այսօր ևս նույնկերպ վարվել»: