29/01/2015 19:57
Ս. Սարգսյան. Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն
Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Այս մասին այսօր Կառավարության ընդունելությունների տանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի խոսքով` որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ.
«Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն»,- նշեց նա:
Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, շարունակեց երկրի ղեկավարը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից.
«Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,- նշեց նա` հավելելով, որ այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա.
«Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»,- հավելեց Սերժ Սարգսյանը: