29/01/2015 12:23
Պահանջելու են Գագիկ Խաչատրյանի հրաժարականը. Ցուցարարները 1 ժամ են տվել կառավարությանը
«Պահանջում ենք մինչև ժամը 13.00-ն ասել` կասեցվում է օրենքը, թե ոչ»: Այս մասին քիչ առաջ Կառավարության շենքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց ցուցարարների անունից:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան իրականացնում են այն ձեռնարկատերերը, որոնք առաջին ամիսը չէ, որ պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում. ձեռնարկատերերը պահանջում են իրենց գրավոր նամակների պատասխանները:
«Ինչի՞ մենք պետք է գործադուլի մեջ լինենք ու աշխատելու փոխարեն այստեղ կանգնած լինենք, այս շենքի դիմաց»,- բարձրախոսով հայտարարեց ձեռնարկատեր կանանցից մեկը: Իսկ դրանից հետո ցուցարարները միաձայն սկսեցին վանկարկել.
«Կա-սե-ցում, կա-սե-ցում»:
Կառավարության շենքի դիմաց բարձրախոսով այլ վանկարկումներ ևս հնչում են.
«Պատասխան ենք ակնկալում, պահանջում: Փոքր բիզնեսին նման վիճակում թողնել, նշանակում է քանդել մեր երկիրը, իսկ մենք դա թույլ տալ չենք կարող, քանի որ մենք ապրելու ենք այս երկրում»:
Նշենք, որ ցուցարարները հրաժարվում են հարցի քննարկման համար բարձրանալ ՀՀ վարչապետի մոտ, իսկ եթե մեկ ժամվա ընթացքում պատասխան չստանան` պատրաստվում են գնալ Ֆինանսների նախարարության մոտ ու պահանջել նախարար Գագիկ Խաչատրյանի հրաժարականը:
Այնուհետ ցարարները երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր` երկրի ղեկավարից պահանջելու իրենց պահանջի կատարում, այսինքն` օրենքի կասեցում: