30/01/2015 14:13
Ա. Իսկանդարյան. Ադրբեջանն իր ստեղծած խնդիրներով դժվարեցնում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը
ԵԱՀԿ Մինսկի խմբի նպատակը ստատուս քվոյի պահպանումն է և գործընթացի շարունակումը: ԵԱՀԿ-ն իր առջև դրված խնդիրն արդեն քսան տարի է կատարում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա կարծում է, որ դժվար է գտնել այնպիսի ձևաչափ, որտեղ ՌԴ և արևմուտքի հետաքրքրությունները համընկնում են. «Տեսեք՝ ինչ է կատարվում Ստրասբուրգում կամ ռուս-ամերիկյան հարաբերություններում: Եվ նման պայմաններում ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան աշխատում են մի գործընթացի վրա համատեղ, դա յուրօրինակ բան է»:
«Սա արդյունքն է նրա, որ մեր տարածաշրջանում ոչ ոքի պատերազմական վիճակը ձեռնտու չէ»,- ասաց քաղաքագետը:
ԵԱՀԿ Մինսկի գործընթացը, շարունակեց խոսքը Ա. Իսկանդարյանը, ճիշտ չէ թերագնահատել, քանի որ Մինսկի խումբն իրականացնում է իր առջև դրված խնդիրները. «Մինսկի խումբն առաջին հերթին պետք է կողմերի միջև հանդիպումներ ապահովի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե նույնիսկ այդ հանդիպումներն, առաջին հայացքից անարդյունք են թվում, միևնույն է անհրաժեշտ են:
Ա. Իսկանդարյանը կարծում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ցանկանում է նաև գործընթացը միջազգայնացնել, ստատուս-քվոն պահպանել:
«Պարզապես նրան երբեմն հեշտ է աշխատել, երբեմն դժվար: Հիմա խմբի համար դժվար է աշխատել: Ադրբեջանի՝ շփման գծում գործողությունները, Ադրբեջանի ներքին խնդիրները, ռուս-արևմտյան հակամարտությունը, մոտեցող ապրիլի քսանչորսը, այս ամենը բարդացնում է Մինսկի խմբի աշխատանքը, բայց նրանք կշարունակեն գործել»,- եզրափակեց խոսքը Ա. Իսկանդարյանը: