30/01/2015 11:54
Էրդողան. Չենք պատրաստվում ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Ցեղասպանությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին: Հայաստանի և հայերի հետ հարաբերություններին վերաբերող հարցին պատասխանելիս նա նշել է, որ հայկական սփյուռքը ոչ մի կերպ չի հանդարտվում, նրանք անվերջ ինչ-որ բաներ են նախաձեռնում, այս հարցում Թուրքիայի հետ բանավեճի, նույնիսկ վեճի մեջ մտնել են ուզում:
«Մենք չենք կարող նման բան հանդուրժել: Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ընդունել Հայոց Ցեղասպանության փաստը»,- ասել է նա:
Ըստ թուրքական «haberturk.com» լրատվականի` Էրդողանը կրկին բարձրաձայնել է Ցեղասպանության խնդիրը պատմաբաններին թողնելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել` ընդունելու պատմաբանների ուսումնասիրության արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեն:
«Մենք, միանգամայն անկեղծ, պատրաստ ենք նստել սեղանի շուրջ, բայց նրանք (հայերը- խմբ.) փախչում են և խնդրի հետ ոչ մի կապ չունեցող երկրների խորհրդարաններում օրենքներ են ընդունել տալիս»,-ասել է Թուրքիայի նախագահը: