03/02/2015 17:10
Շիրազ-Ջանիբեկյան խաչմերուկի լուսափորը կվերադառնա…. Բայց ե՞րբ
Շուրջ երեք շաբաթ է Աջափնյակ համայնքի Շիրազ-Ջանիբեկյան խաչմերուկից անհետացել է լուսափորը, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծել վարորդների համար, հատկապես նրանց, որ պետք է ձախ շրջադարձ կատարեն: Ու քանի որ արդեն մեկ օր կամ մեկ շաբաթ չէ, որ իրավիճակը մնում է անփոփոխ, այսինքն խաչմերուկում լուսափորը չի տեղադրվում, փորձեցինք ճշտել, թե որն է խնդիրը:
Ճանապարհային ոստիկանությունից Aysor.am-ին սկզբում փորձում էին համոզել, որ լուսափորը ընդամենը երկու օր է, ինչ հանվել է, քանի որ, այսպես ասած, վթարի զոհ էր դարձել: Սակայն երբ պնդեցինք, որ խնդիրը արդեն գրեթե մեկ ամսվա կտրվածք ունի, թեժ գծի աշխատակիցը կապվեց համապատասխան բաժնի հետ, որոնք զբաղվում են լուսափորների խնդիրներով ու համոզվեց` երկու օր չէ, ավելին է: Սակայն դա էլ իրավիճակը չփոխեց, քանի որ մեզ պատասխանեցին, որ լուսափորը կվերադարձվի իր տեղը, բայց թե ե՞րբ դա տեղի կունենա, հայտնի չի: Որևէ ժամկետ մեզ այս իմաստով չասվեց, բացի հավաստիացումից, որ լուսափորը անպայման վերադարձվելու է:
Թե քանի՞ վթար է տեղի ունեցել այս հատվածում այս մեկ ամսվա ընթացքում հայտնի չի, բայց հուսանք` դրանք թիվը չի ավելանա այն ընթացքում, ինչ Ճանապարհային ոստիկանությունը վերջապես որոշի լուսափորը վերադարձնել այնտեղ, որտեղ այն պետք է լինի: