10/02/2015 14:11
Ճոյտի «Հիշողություն» ֆիլմն առգրավված չէ. Ֆիլմի ռեժիսոր
Այսօր Երևանի կինոթատրոններում պետք է տեղի ունենար Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հեղինակած «Հիշողություն» ֆիլմի պրեմիերան, որն այդպես էլ չկայացավ: Պատճառները տարբեր են, տարբեր են նաև ֆիլմի շուրջ պտտվող քննարկումները:
Ինչպես արդեն հայտնի է, ֆիլմի հեղինակ Հակոբ Հակոբյանը կալանավորված է, և, ըստ նախնական վարկածների, ֆիլմը ևս արգելանքի տակ է վերցվել: Հնչեցին տարբեր վարկածներ. Ոմանք կարծում են, թե նրա ձերբակալությունը պայմանավորված է ֆիլմով, իսկ ոմանք էլ պնդում են, որ Հ. Հակոբյանը խնդիրներ ունի գործարար ոլորտում:
Ի դեպ՝ փետրվարի 10-ին՝ այսօր, է ծնվել Հակոբ Հակոբյանը, ով պատրաստվում էր այս օրը ինքն իրեն անակնկալ մատուցել:
Հիշեցնենք, որ ֆիլմի ստեղծագործական կազմը հայտարարել էր, որ ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հրավիրված մամլո ասուլիսում ֆիլմի ռեժիսոր Քաջայր Հակոբյանն, ով ի դեպ ազգակցական կապ չունի հեղինակի հետ, հավաստիացրեց, որ ֆիլմը առգրավված չէ, իսկ ֆիլմի հեղինակի ձերբակալությունը կապված է ոչ թե ֆիլմի, այլ՝ սեփական բիզնեսի հետ: «Ֆիլմ առգրավվելու մասին Հայաստանում օրենք չկա: Դրա իրավունքը ոչ ոք չունի: Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա ֆիլմն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասաց նա:
Ռեժիսորի խոսքով՝ նախնական ցուցադրության ներկայացվել է ֆիլմի չխմբագրված տարբերակը, իսկ դա եղել է պարզապես շտապողականության արդյունք, մասամբ էլ նաև՝ միտումնավորությամբ, ինչը քննադատությունների առիթ է դարձել: «Փորձեցինք լսել քննադատությունները, կարծիքները, որպեսզի անհրաժեշտ շտկումներ կատարենք»,-մանրամասնեց ռեժիսորը՝ ընդգծելով, որ ֆիլմի ցուցադրությունը ոչ թե արգելվել է, այլ՝ անորոշ ժամանակով հետաձգվել. «Չեմ կարող ասել, թե երբ կլինի պրեմիերան»:
Ռեժիսորի խոսքով՝ այս պահին բոլոր աշխատանքներն ավարտված են. փակ դիտումներից հետո կատարվել են որոշակի խմբագրումներ, որոնք կապված էին թե՛ ֆիլմի սցենարի, թե՛ մոնտաժի հետ: «Ցուցադրության հետաձգումը պայմանավորված է հեղինակի հետ: Կինոթատրոններն էլ մերժում են՝ պատճառաբանելով, թե հեղինակին են սպասում: Մինչև հեղինակը թույլ չտա, ֆիլմի ցուցադրությունը չի կայանա: Ինչ վերաբերում է խմբագրման աշխատանքներին, ապա այնտեղ դրվագների կային, որոնք շատ էին քաղաքականացված»,- ասաց ռեժիսորը՝ հստակեցնելով, որ փակ դիտումներին ներկա են եղել պատմաբաններ, մշակույթի նախարար Հասմիկ Հակոբյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ովքեր ընդհանուր ֆիլմին դրական գնահատական են տվել:
«Ընդհանուր ֆիլմից դժգոհություններ չեն հնչել: Ֆիլմի 80 տոկոսի վերաբերյալ հնչել է բարձր գնահատական, իսկ դժգոհությունները եղել են հիմնականում քաղաքական թեմաների շուրջ, որոնք կապված էին Էրդողանի, ինչպես նաև քրդերի հետ»,- ասաց նա:
Ռեժիսորի խոսքով՝ Հակոբ Հակոբյանը, լինելով քաղաքական գործիչ, փորձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդդիմադիր հայացքներ ձևավորել, ինչն, ըստ նրա, թույլ կտար Թուրքիայում ընդդիմադիր ուժերին տրամադրել կոնկրետ Էրդողանի դեմ: «Ֆիմում Էրդողանը ազգությամբ հայ է, իսկ դա կոնկրետ նպատակ է հետապնդել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մյուս դրվագներին, ապա ռեժիսորն համոզված է, որ դրանք կոնկրետ փաստեր են, որոնք արտացոլվել են գեղարվեստորեն: «Ինքը ֆիլմը գեղարվեստական է, իսկ դա թուլ է տալիս մեզ ստեղծագործել ու մեր երևակայությունը զարգացնել»,- ասաց ռեժիսորը:
Երիտասարդն ռեժիսորն ասաց, որ բոլոր հարցերի պատասխանները հնարավոր է ստանալ միայն ֆիլմի հեղինակ Հակոբ Հակոբյանից, ով այս պահին ունի շատ լուրջ առողջական խնդիրներ: «Նրա իրավաբանի հետ զրուցել եմ, իհարկե, բայց մենք ոչ մի կերպ չենք կարողանում նրա հետ խոսել կամ հանդիպել. ունի ճնշման ու սրտի հետ կապված խնդիրներ և հիմա թույլ չեն տալիս նրան անհագնստացնել»,- ասաց Հակոբյանը: