16/02/2015 11:38
Ուրիխանյանը` Ախոյանի մասին. Ես ունեմ իմ պատկերացումները բարոյական կարգերի մասով
«Միայն Արագած Ախոյանն է հեռանալու դիմում ներկայացրել»,- այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք այլ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացրե՞լ են:
Հիշեցնենք, ՀՀԿ Խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո լուրեր տարածվեց, թե ԲՀԿ-ական գործարար-պատգամավորներ պատրաստվում են լքել կուսակցության շարքերը` առնետավազքի սկիզբը դնելով: Նրանց թվում նաև Արագած Ախոյանի անունն էր, ով այդ օրը Aysor.am-ին ասաց, թե դեռ որոշում չունի, քանի որ գործուղման մեջ է: Փաստորեն` գործուղումից վերադառնալուց հետո նա նման որոշում է կայացրել:
Ուրիխանյանն ասաց, որ Ախոյանը ներկայացրել է իր պատճառաբանությունը, թե ինչու է այդ որոշումը կայացրել, բայց իր համար այն անհետաքրքիր է.
«Անկեղծ ասած` ինձ համար անհետաքրքիր է այդ պատճառաբանությունը, որովհետև ես ունեմ իմ պատկերացումները բարոյական կարգերի և տրանսֆորմացիայի չենթարկվող համոզմունքների մասով»,- նշեց նա:
Հիշեցնենք, Facebook-յան իր էջում պատգամավորը նշել է հետևյալը.
«ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր»: