16/02/2015 11:09
ԲՀԿ շաքերը նոսրանում են. Գործարար Արագած Ախոյանը դիմում է գրել
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ հեռանում է ԲՀԿ-ից: Այսօր՝ փետրվարի 16-ին նա դիմում է ներկայացրել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին:
Հայտարարությունում մասնավորապես ասվում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիսանալով «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային կազմակերպության ազգային խորհրդի հիմնադիր անդամ և լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ-ում, վերջին երկու տարիների ընթացքում ես առավելապես զբաղվել եմ Արևմտահայկական խնդիրներով, համահայկական մշակութային ծրագրերով ևիհարկե նաև իմ ընտրատարածքի զարգացման հիմնախնդիրներով:
Ներկա պահին անթույլատրելի եմ համարում մասնակցել նման ներքաղաքական լարման տանող գործընթացներին, հաշվի առնելով ՀՀ և ԼՂՀ սահմանների օրեցօր աճող ոչ ցանկալի իրավիճակը և Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող համահայկական միջոցառումները, որտեղ ինքս ունեմ իմ պատասխանատվության բաժինը:
Ավելորդ չեմ համարում տեղեկացնել նաև, որ ԲՀԿ ղեկավար անձերի հետ առանձնազրույցների ժամանակ բազմիցս զգուշացրել եմ, որ, եթե կուսակցությունը որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը կտանի ներքաղաքական ակնհայտ առճակատումների և կստեղծի անհամատեղելիություն իմ հասարակական գործունեության հետ, որպես «Արևմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ապա ստիպված եմ լինելու դադարեցնել իմ կուսակցական գործունեությունը:
ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեմ աշխատանքներս որպես անկուսակցական պատգամավոր»: