17/02/2015 19:23
Անչոկը, Նարի Հարությունյանն ու Սոսո Պավլիաշվիլին միասին համերգ կտան Երևանում
Երգչուհի Անչոկը, Նարի Հրությունյանը և Սոսո Պավլիաշվիլին պատրաստվում են համերգային ծրագրով ներկայանալ հանդիսատեսին: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց Անչոկը.
«Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրներում կկայանա մեր համերգը: Այժմ նախապատրաստական շրջանում ենք: Հավատում ենք, որ հանդիսատեսը գոհ է հեռանալու»:
Այս աշխատանքներին զուգահեռ՝ երգչուհին նոր երգ և տեսահոլովակ է պատրաստում, որը երկրպագուների դատին կհանձնվի մոտ մեկ ամսից:
Խոսքերի և երաժշտության հեղինակը Նարի Հարությունյանն է, գործիքավորել է Վահան Նահապետյանը: Տեսահոլովակը նկարահանել է Ալեքսանդր Միրզախանյանը: Երգն, ինչպես միշտ, սիրո մասին է և կոչվում է «Моя мечта»:
Քանի որ երգի վերնագիրը երազանքի մասին էր, որոշեցինք հետաքրքրվել երգչուհու երազանքների մասին:
«Անձնական առումով ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, ինչ երազում եմ, իրականանում է: Իսկ տվյալ պահին երազում եմ, որ Հայաստանում այնքան լավ լինի, որ ոչ-ոք մեր երկիրը չլքի»,- ժպիտով անկեղծացավ նա::
Անչոկի էկրանային բացակայությունը պարապուրդի արդյունք չէ: Ընդհակառակը, գերզբաղվածությունը թույլ չի տալիս հաճախ «հիշեցնել» իր մասին:
«Քանի որ 5 տարի առաջ ես և Նարին բացեցինք մեր «Շանսոն» ակումբը, նաև բալիկս լույս աշխարհ եկավ, զբաղվածությունս մեծացավ: Ի դեպ, քչերը գիտեն, որ հետագայում մեր ակումբին միացավ Սոսո Պավլիաշվիլին և այժմ երեքով ենք տնօրինում այն: Մեր համագործակցությունը սկսվեց նրանից, որ Սոսոյի տղան, քույրը հաճախ էին մեզ մոտ լինում Հայաստանում գտնվելու ընթացքում, նաև ինքն էր հաճախ այցելում: Այդպես մտերմացանք և նա առաջարկեց գործընկերներ դառնալ»,- զրույցը եզրափակեց Անչոկը: