19/02/2015 11:45
Դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի գործով վճռաբեկ բողոքը
Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Վոլոդյա Ավետիյանի պաշտպանի բողոքը և հունվարի 30-ին կայացրած որոշմամբ մերժել է այն: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Վճռաբեկի մերժման որոշման համաձայն՝ բողոքաբերի փաստարկների և բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից չի հիմնավորվել, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։
Բողոքաբերի փաստարկները բավարար չեն նաև եզրահանգելու, որ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Հետևաբար, բերված բողոքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը հիմնավորված չէ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել Վ. Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ա. Մ.-ի որդի Ա. Մ.-ին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը,սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ.հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ա. Մ.-ից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ա. Մ.-ն հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: