23/02/2015 15:57
Անդրիաս Ղուկասյանը քաղաքական դիակ համարեց գործող բոլոր ուժերին
2015 թվականը չի դառնա համազգային համախմբման տարի, իսկ համահայկական հռչակագիրը մնալու է որպես թղթի վրա գրված խոսք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը բավականին վտանգավոր է ազգային անվտանգութան տեսանկյունից.
«Այսօր ոչնչացվում է քաղաքական դաշտը: Այստեղ հարցը միայն ԲՀԿ-ն չէ: Քաղաքականությունը՝ որպես գործունեության տեսակ, վարկաբեկվում ու փչացվում է»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ հերթով անդրադառնալով երկրում գործող ուժերին:
«ՕԵԿ-ը՝ այսօր քաղաքական դիակ է, ԲՀԿ-ն՝ քաղաքական դիակ, «Ժառանգությունը»՝ քաղաքական դիակ, ՀԱԿ-ը՝ գրեթե մոտեցել է իր ավարտին, մարտի մեկին փորձելու են ցույց տալ, որ ունեն հանրային աջակցություն, բայց, ըստ էության, քաղաքական դիակ: Հանրապետական կուսակցությունն էլ վաղուց է քաղաքական դիակ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը՝ միաժամանակ հույս չհայտնելով, որ ասպարեզ կգան նոր քաղաքական ուժեր:
«Սա, կարծես, ցեղասպանությանը նախորդող իրավիճակ է, երբ ժողովուրդը պարզապես չի կարողանալու դիմակայել որևէ արտաքին ուժի: Ու ահա այս պայմաններում սպասել, որ ապրիլի 24-ին որևէ ժողովրդավարական պետության ղեկավար կգա Հայաստան, անհնար է»,- ասաց բանախոսը: