23/02/2015 13:15
Լ. Զուրաբյանը դեմ է Ն. Փաշինյանին, թե՞ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը
Մենք որևէ կասկած չունենք, որ վերջին զարգացումների ֆոնին այս իրավաքաղաքական փաստաթուղթը չի մտնելու քաղաքական օրակարգ: Բայց մեր խնդիրն է լինելու ստեղծել այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արվի: Ավելին` նախագիծը չի խախտում որևէ մեկի անմեղության կանխավարկածը, այստեղ շարադրված են հանրահայտ փաստեր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին իր նախագիծը:
Վերջինիս շուրջ ծավալված քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չդիմացավ ու մեղադրանքներ հնչեցրեց գործընկեր ու նաև նախկին թիմակից Նիկոլ Փաշինյանի հասցեին: Ի դեպ, քանի որ Լ. Զուրաբյանն ընթերցում էր «մեղադրական ճառը», հասկանալի է, որ թիմը լավ էր նախապատրաստվել այն անձի պախարակմանը, ով ուրբաթ օրը հանդգնեց թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, թե Հայ ազգային կոնգրեսին մեղադրել իշխանությունների հետ «ջան ասել, ջան լսելու» ու միմյանց բաց ու փակ նամակներ գրելու մեջ:
«Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիմքերը կան, բայց այդ գործընթացը չի կարելի անլրջացնել տարօրինակ իրավաբանական հիմնավորումներով և չնախապատրաստելով քաղաքական ուժերի աջակցությունը՝ գոնե հարցը քննարկմանը հասցնելու համար»,- հայտարարեց նա: Այնուհետ հիշեցրեց, որ 2011-ի նոյեմբերի 25-ին ՀԱԿ-ը նախագծի հեղինակի մասնակցությամբ Ազատության հրապարակում ընդունել է խնդրին առնչվող հռչակագիր և այժմ հասկանալի չէ, ըստ Լ.Զուրաբյանի, թե ինչու է պատգամավորը խմբակցությունների և առաջին հերթին իր խմբակցության հետ քաղաքական կոնսուլտացիա անցկացնելուց շեղվել հռչակագրի դրույթներից ու ներկայացրել բոլորովին այլ մի բան:
«Խմբակցությունը չի քվեարկի, քանի որ գործընթացը ոչ քաղաքական, ոչ իրավական առումով նախապատրաստված չէ և նման թույլ փաստաթղթին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին` ստեղծելով տպավորություն, թե իբր պաշտոնանկության որևէ լուրջ հիմք չկա»,- ավարտեց ընթերցել ընդդիմադիր Զուրաբյանը:
Ն. Փաշինյանի նախագծին աջակցեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:
ԱԺ-ի 4 «կողմ», 68 «դեմ» , 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ չընդունվեց Ն. Փաշինյանի նախագիծը: