24/02/2015 17:23
Վ. Բաղդասարյանն՝ ընդդիմությանը. Ձեր նպատակը ցնցումներն ու վրեժխնդրությունն է
«Ձեր նպատակը ցնցումներն ու վրեժխնդրությունն է: Ձեզ հեռացրեց ժողովուրդը, երբ դուք որոշում էիք, թե ինչպես հանձնել ԼՂՀ-ն, և այսօր էլ, երբ տեսնում եք, որ այս գործում առաջընթաց է նկատվում, կրկին սկսել եք նույն ոգով և մտածում եք, թե ինչպես այն ձախողել: Գոնե ձեր սերունդների մասին մտածեք, մի օր դուք պետք է պատասխան տաք»,- Կառավարման համակարգի քննարկման ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով համակարգի փոփոխությանը՝ Վ. Բաղդասարյանը հավելեց, որ իշխանություններն այսօր ցանկանում են, որպեսզի այս երկրում լինի ինստիտուցիոնալ ընդդիմություն: «Ցավոք սրտի, պետք է խոսենք ոչ միայն ինստիտուցիոնալ ընդիմություն ստեղծելու մասին, այլև՝ այսօր առհասրակ ընդդիմություն չունենք»,- նկատեց նա՝ հավելելով, որ հիմա ընդդիմությունը փորձում է հաղթահարել բարձունքը, ինչը ժողովուրդը թույլ չի տալիս:
Պատգամավորի խոսքով՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտը լցված է ոչ միայն նյութապաշտներով, այլև՝ առանց գաղափարախոսության կուսակցություններով: Մեջբերելով նժդեհյան ոսկե խեսքերը՝ Հանրապետական պատգամավորը ասաց նաև, որ հենց այդպիսի ուժերից էլ պետք է քաղաքական դաշտը մաքրել:
«Մի քիչ ռուսական, մի քիչ եվրոպական, անունն էլ հայկական՝ դա դեռ չի նշանակում ժողովրդավարություն: Հիշեք, որ հայ մարդու էությանը հայկականությունն է: Սա է ճիշտ ճանապարհը»,- ասաց նա: