24/02/2015 11:08
58.35 մլն-ի փոխարեն՝ 113.4 մլն. «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները
Կառավարության վաղվա նիստում կքննարկվի աղմկահարույց դարձած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը, որպեսզի այն սահմանված կարգով ներկայացվի Ազգային Ժողով: Ըստ այդմ` ԱԱՀ շեմը 58.35 մլն-ի փոխարեն սահմանվել է 113.4 մլն` նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի: Բացի այդ, նախատեսվում է ներմուծել շրջանառության հարկով հարկման նոր կառուցակարգ, ըստ որի առանց ձեռքբերումների փաստաթղթավորման շրջանառության դեպքում շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 %, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4% տոկոսի չափով: Սակայն, վճարման ենթակա հարկի գումարը չի կարող պակաս լինել հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության 1.5 %-ից:
Նշվում է, որ ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում այլ օրենքներում և իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա: Իսկ ըստ կառավարության եզրակացության` ՀՀ օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում կարող են առաջանալ նվազեցումներ: