25/02/2015 14:46
ԱԺ նախագահ. «Բարգավաճ Հայաստանը» պետք է ընտրի նոր ռազմավարություն
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է ընտրի նոր ռազմավարություն, իսկ թե ով կլինի կուսակցության նոր առաջնորդը, նա դժվարանում է պատասխանել:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին և ԲՀԿ խմբակցության բոյկոտին, Գ. Սահակյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի առաջիկայում:
«Կարծում եմ, որ դադարը պայմանավորված է նրանով, որ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ և խմբակցության անդամները պետք է քննարկեն ու նոր որոշումներ կայացնեն, ուստի դրանում ոչ մի առանձնահատկություն չկա»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի բացակայություններին՝ ԱԺ նախագահը շեշտեց, որ թեև իրավական տեսակետից բոլոր հիմնավորումները կան, սակայն Գագիկ Ծառուկյանից լրացուցիչ և հիմնավոր պատասխաններ են ակնկալվում իր բացակայությունների վերաբերյալ: Խոսելով Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ չի ցանկանում, որպեսզի այն լիներ նախադեպ:
«Ես կարծում եմ, որ եթե ցանկություններով առաջնորդվենք, ապա չէի ցանկանա ընդհանրապես, որ նմանատիպ նախադեպ ունենայինք: Իսկ քաղաքականության մեջ, եթե նախադեպեր են լինում, ապա առաջնորդվում են այդ նախադեպերով»,- հավելեց Գ. Սահակյանը:
Հարցին, թե ԲՀԿ-ն հետագայում իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում կարունակի՞, ԱԺ նախագահը շեշտեց, որ ԲՀԿ-ն պետք է իր գործունեությունն առհասարակ շարունակի: